ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո հարցուպատասխանի ընթացքում, արձագանքելով հարցին, թե ինչ տարբերություն կա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով Հայաստանի և Ադրբեջանի ընկալումների միջև, ասել է, որ նշած խոսույթն ընդհանրապես գոյություն չունի, բացակա է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից:
Նա նշել է, որ «որևէ մեկն «իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել»։
«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզվա՛ծ եղեք, որ չի լինի Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցրած որևէ փաստաթղթում»,– նշել է Փաշինյանը, հայտնում է 1lurer.am-ը։
Նա հիշեցրել է նաև ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած իր ելույթը՝ ընդգծելով, որ այնտեղ օգտագործված բոլոր ձևակերպումները բխում են Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից։ Փաշինյանը կոչ է արել օգտագործել բացառապես լեգիտիմ բառապաշար, որը համաձայնեցված է կողմերի միջև։
«ՄԱԿ ամբիոնից ելույթ ունեցա (ի դեպ, նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին) և արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից»,- ասաց նա, հիշեցրեց, որ դիմել է նաև կոչով՝ ուղղված ադրբեջանցի գործընկերոջը, որպեսզի վերջինս պարզաբանի՝ ինչ նկատի ունի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտեղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»:
«…Քարտեզի վրա պետք է ցույց տա «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, [ապա] որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից: Դա արդեն իսկ ձեռք բերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է»,- ասել է նա։
Ապա, խոսքն ուղղելով հարց տվողին, վարչապետը հետաքրքրվել է. «Ինձ շատ հետաքրքիր է՝ որտեղի՞ց գիտեք այդ արտահայտությունը, որտե՞ղ եք կարդացել… Տեսե՛ք, դուք վաշինգտոնյան համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որը Վաշինգտոնի որևէ փաստաթղթի մեջ չկա, չի եղել, և ավելի վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետև ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները, և դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից»:
Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ Վաշինգտոնում կողմերը պայմանավորվել են, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և փոխադարձության սկզբունքով, ապա ընդգծել, որ Հայաստանը Ադրբեջանի համար, Ադրբեջանը Հայաստանի համար այդ հաղորդուղիները պետք է բացի և՛ ներքին, և՛ երկկողմ, և՛ միջազգային հաղորդակցությունների համար: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում գործելու է «Թրամփի ուղին», և որ այս փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը:
«Հետևաբար, իմ կոչն ու ակնկալիքն է, որ օգտագործվի բացառապես լեգիտիմ բառապաշար, իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, ո՞ր հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքին, ապա, կներեք, ՀՀ տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն ՀՀ-ն: Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Էլի եմ ասում, ՀՀ տարածքի պարագայում կարող են օգտագործվել միայն այնպիսի անուններ, բառամթերք, որ սահմանված է կա՛մ ՀՀ կառավարության, կա՛մ խորհրդարանի, կա՛մ համապատասխան մարմինների կողմից, կա՛մ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ:
Հետևաբար, թույլ տվեք ասել՝ ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս հեղինակավար դահլիճում և ինստիտուտում»,- ասել է Փաշինյանը՝ խոսքն ուղղելով հարց տվողին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։
Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։






