AM
30 Սեպտեմբեր 2025 - 13:58 AMT

Փաշինյան․ Փախստականների վերադարձը ԼՂ իրատեսական չեմ համարում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չի համարում։

«Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսել է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի։ Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում և ՀՀ քաղաքացիությամբ»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է մարդկանց ազնիվ ասել այդ մասին, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց հեռանկարն ու պլանները։

«Ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,– հավելել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս թեմայի շահարկումը կարող է նոր լարվածություն առաջացնել։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտությունն էլ սկսել է, թվում է, հումանիտար հարցերից, որոնք վերաճել են երկարատև կոնֆլիկտի։

Փաշինյանը կարծիք է հայտնել, որ առաջիկա տասնամյակներին Հայաստանը և Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան տնտեսական համագործակցության ու աստիճանական երկխոսության վրա։

ԵԽԽՎ պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Ղարաբաղի փախստականների գույքի փոխհատուցման հարցը քննարկվե՞լ է խաղաղության համաձայնագրի շրջանակներում, և արդյոք նրանց մշակութային ժառանգությունը վտանգված է։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել, սակայն այդ փաստաթուղթը բոլոր հարցերի պատասխանները չէ, որ ներառում է։ Նախատեսված է, որ հարցերի քննարկման համար պետք է ստեղծվեն այլ մեխանիզմներ ու հարթակներ երկու երկրների միջև։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։