Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
«Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարելավման կարևորությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, զրույցում անդրադարձ է եղել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Կողմերը հույս են հայտնել, որ ոլորտային համագործակցությունը կծառայի այդ նպատակին ևս։
Հանդիպման ավարտին նախարարները պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համագործակցության զարգացման ուղղությամբ։
Սեպտեմբերի 12–ին Երևանում էր Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նա հանդիպել է հայ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:






