Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ավագանու Քննող հանձնաժողովի հերթական նիստը, որի քննարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Նա նշել է, որ օտարված մանկապարտեզների բակերում շքեղ առանձնատներ են կառուցվել։
«1․ Նախկինում հայտարարված մոտ 40-ի փոխարեն իրականում օտարվել է մոտ 100 մանկապարտեզ։
2․ Այդ մանկապարտեզների բակային տարածքներում կառուցվել են պարսպապատ և շքեղ առանձնատներ։
3․ Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզների տարածքները 2006–2007 թվականներին կասկածելի ցածր գներով վարձակալության են հանձնվել ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին։
4․ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցին պատկանող Հրազդանի կիրճում գտնվող երկու թենիսի կորտերը, մեծ բակային տարածքով և հյուրանոցային համալիրով (այժմ՝ «Օրանժ» ակումբ), 2004 թվականին օտարվել են ընդամենը 20-25 հազար ԱՄՆ դոլարով»,–ասվում է գրառման մեջ։
Գալջյանը հավելել է, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները շարունակվում են։






