«Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, քանի որ հայ ժողովուրդը չունի հանցագործությունների հանդեպ բնական ձգտում։ Սակայն, նրա խոսքով, 2018-ից հետո ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ, քանի որ ուժային կառույցների ներուժը շեղվել է այլ ուղղություններով։
«Մեզ ցույց են տալիս երկաթի մանդատ, անգամ աշխատանքային ժամին աշխատանքային նկար են գցում՝ երկաթի մուրճը նկարի մեջ։ Դա երկաթի մուրճ չի, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար, եթե մենք ևս 5 տարի այս մարդուն պահենք, ինձ թվում է՝ տասնյակ 1000-ավոր նոր մեր հայրենակիցներ իրենց ձեռքերին ունենալու են ձեռնաշղթաները»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա՝ ուժային կառույցների ներուժը քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ է ուղղորդվում։
«Մինչև 2018 թ․-ը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100,000 հանցագործություն։ 2018 թ․ից մինչև այսօր Հայաստանում 220,000 հանցագործություն է տեղի ունեցել»,– ասել է նա,
Կարապետյանը շեշտել է, որ հակակոռուպցիոն գործերի թիվը ընդհանուր քրեական վարույթների ընդամենը 1 %-ն է, իսկ իրականում քրեական գործերը հաճախ օգտագործվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների և անհատների դեմ։
Նա հավելել է, որ վերջին շրջանում հաճախակի են նաև վենդետաները և սպանությունները, քանի որ ուժային կառույցները բավարար չափով չեն զբաղվում այդ խնդիրներով։
Կարապետյանը նշել է, որ վերջին 7 տարում ձերբակալվածների թիվը 7 անգամ աճել է՝ տարեկան հասնելով մոտ 7000-ի, մինչդեռ 2018-ին այդ թիվը կազմում էր 900։
Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանի ազատությունն ու օրինականությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որ ուժային կառույցները վերադառնան իրենց հիմնական գործառույթներին։
Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։






