AM
30 Սեպտեմբեր 2025 - 14:58 AMT

Ուժի մեջ են մտել ՃՏՊ–ների արագ արձագանքման նոր հնարավորությունները՝ կարելի է արագ ազատել ճանապարհը

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։

Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից, հայտնում է Հայաստանի Ավտոպահովագրողների բյուրոն։

Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․

  • դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
  • արագ ազատել ճանապարհը,
  • 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ, լրացնել մնացած տվյալները։

Նշվում է, որ այս գործառույթը միաժամանակ նվազեցնում է խցանումները, բարձրացնում է երթևեկության անվտանգությունը, խնայում է վարորդների ժամանակը։