AM
1 Հոկտեմբեր 2025 - 06:39 AMT

Միրզոյան․ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հարցում չպետք է թույլ տալ, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։ Նա այդ մասին ասել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագիրը կրող բարձր մակարդակի քննարկման ընթացքում։

Ըստ նրա՝ քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։ Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։

Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։

Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։ Այսպիսով, այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական»,- նշել է Միրզոյանը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։