AM
1 Հոկտեմբեր 2025 - 06:47 AMT

Ջալալ Հարությունյանը կազատազրկվի. Վճռաբեկը հրապարակել է որոշումը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի։ Նա պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Վճռաբեկ դատարանը հրապարկել է սեպտեմբերի 26-ին կայացրած որոշումը, որով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025–ի հունիսի 18–ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպան Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է, հայտնում է Panorama.am-ը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը։

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Վերաքննիչն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։ Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանիսխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Զոհված զինծառայողների ծնողները պնդում էին, որ Ջալալ Հարությունյանը չարաշահում էր իրավունքը՝ փորձելով գործը ձգձել մինչև կլրանար վաղեմության ժամկետն ու ինքը կազատվեր պատիժը կրելուց։ Վաղեմության Ժամկետը լրանում է մի քանի օրից՝ հոկտեմբերի 12-ին։