Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը ներկայում պաշտպանում է Նարեկ Օհանյանին՝ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող անձին, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցին, նշել է, որ վերջինիս «կամ ճիշտ չի զեկուցվել գործը, կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը»։
Նա նշել է նաև, որ Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, իսկ նրա շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել
«Ծանրաբեռնվածությամբ պայմանավորված` նոր միայն դիտեցի Պետրոսի մոտ ՔԿ նախագահի հարցազրույցը։ ՔԿ նախագահին կամ ճիշտ չի զեկուցվել գործը, կամ նա միտումնավոր խեղաթյուրել է իրականությունը։ Շատ հանգամանքների այս պահին չեմ անդրադառնա, նշեմ միայն հետևյալը․
Նարեկ Օհանյանը չի հրաժարվել ցուցմունքներ տալուց, այլ մանրամասն ցուցմունքներ տալով` հերքել է դեպքին իր մասնակցությունը, հիմնավորել իր այլուրեքությունը։
Նարեկ Օհանյանի շարժը արձանագրվել է նրանց տան տեսախցիկներով, որոնք մինչ այս պահը չեն առգրավվել։ Ինչու՞, որովհետև դա անհապաղ կհերքեր այն վարկածը, որ նա առնչություն ունի դեպքին։
Հռետորական հարց եմ հնչեցնում․ շա՞տ են եղել դեպքեր, երբ սպանության մեջ կասկածվողը մանրամասն նկարագրի դեպքի պահին, դեպքի նախորդող պահին և դեպքից հետո իր բոլոր գործողությունները, և վարույթն իրականացնող մարմինը որևէ կերպ չստուգի ցուցմունքների հավաստիությունը, մասնավորապես, նրանց տանը կատարելով խուզարկություն՝ չառգրավի նաև տեսախցիկների տեսագրությունները։
Ցավով եմ արձանագրում, որ ՔԿ-ն որդեգրել է անթույլատրելի վարքագիծ․ ապացույցների համակցության արդյունքում անձի մեղավորության վերաբերյալ եզրահանգում կատարելու փոխարեն, ի սկզբանե նշանակել է մեղավոր և փորձել ապացույցները հարմարեցնել մեղադրանքին»,-ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր, Փարաքարի համայնքապետ էր ընտրվել 2025–ի ապրիլին։ Գրիգորյանը 4 երեխայի հայր է։






