AM
1 Հոկտեմբեր 2025 - 08:49 AMT

ՊԵԿ-ը կանխել է 78 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման փորձը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ Բագրատաշենի սահմանային անցակետում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձ։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» անցակետ ժամանած քաղաքացու մեքենայի տեսազննման արդյունքում հայտնաբերվել է մեքենայի հետևի հատվածում տեղադրված ինքնաշեն և հատուկ հարմարեցված թաքստոց։

Տրանսպորտային միջոցը ուղեկցվել է խորը զննման համար նախատեսված տարածք, որտեղ մաքսային ծառայողները բացահայտել են թաքստոցից պահված 78 կգ դեղորայք և դրանց դատարկ տուփեր։

«Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը»,– ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։

Դեպքի կապակցությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն արդեն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։