Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ մեկնարկելով 2026 թվականին և ավարտելով 2028-ին։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է Արմենպրեսը։
«2026 թվականին առաջին փուլում ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 18տ․ երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65տ․ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի բալ ունեցող քաղաքացիները, 200 հազար դրամից ավելի ամսական եկամուտ, աշխատավարձ և այլ եկամուտներ ունեցող անձինք»,- ասել է նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ առաջին փուլի շահառու կլինի մոտ 1 միլիոն 600 հազար քաղաքացի, ովքեր վերջին 183 օրն ապրել են Հայաստանի տարածքում։
Համակարգի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել 2027 թվականին, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ 2028-ին։ Ապահովագրության տարեկան փաթեթի արժեքը կկազմի 129,600 դրամ։
«Ներառվելու են կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերը, հիվանդանոցային ծրագրերը, դեղորայքային ապահովումը, շտապօգնության ծառայությունները, և այս ծառայությունները կառավարության որոշմամբ հստակ սահմանվելու են»,– ընդգծել է նախարարը։
Ավանեսյանը հավելել է, որ համապարփակ ապահովագրական համակարգի ներդրումը նպատակ ունի հաղթահարել բժշկական ծառայություններից թերօգտվելու խնդիրը։
Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ որևէ բուժհաստատության փակման մասին խոսք չկա։ Նրա խոսքով՝ մարզային բժշկական կենտրոնները պետք է լիովին վերազինվեն՝ համաձայն մաստեր պլանի։






