AM
1 Հոկտեմբեր 2025 - 09:04 AMT

Խոջայան. Գնունու շուկայի քանդման մասին տնտեսվարողները նախապես տեղեկացվել են

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը, անդրադառնալով Գնունու փողոցում շինանյութի շուկայի քանդմանը, հայտարարել է, որ Գնունու շուկայի ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը 3-4 ամիս բանակցել է տնտեսվարողների հետ։

«Իրենց խնդրանքն ենք բավարարել, որպեսզի նրանց ժամանակ տրվի մինչև սեպտեմբերի 30–ը, և հնարավորություն ունենան իրենց ապրանքները տեղափոխելու, կրպակներն ու տաղավարները ազատելու համար։ Այն խոսակցությունները, թե կրպակներում ապրանքներ են եղել իրականությանը չի համապատասխանում , որովհետև չկա այդպիսի կրպակ, որն այս պահին ապամոնտաժվում է, և որի մեջ կա գույք»,–ասել է Խոջայանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը չի քննարկել կրպակատերերին նոր տարածքներ տրամադրելու հարցը։

«Այս պահին նման առաջարկ և պահանջարկ չի եղել։ Կան նաև կրպակների տնտեսվարողներ, որոնք ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, բայց դրանց ժամկետներն ավարտված են։ Բայց քանի որ Կադաստրի պետական կոմիտեում այդ վարձակալության պայմանագրերը դեռ լուծված չեն, հետևաբար նրանց մասով այս պահին որևէ գործողություն չի իրականացվում»,–նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Իր հերթին, կրպակատեր Սուրիկ Մանուկյանը, որը ավելի քան 20 տարի գործունեություն է ծավալել տվյալ տարածքում, հաստատել է, որ իրենք այլընտրանքային տարածք չեն ստացել։

«Տարածք չկա, մեզ որևէ այլ տարածք չեն խոստացել։ Պիտի գնանք մեր տներում նստեք։ Հազիվ գիշերը հասցրել ենք ապրանքը հանել, տանել տուն։ Բանկից վարկերը վերցրել ենք, հիմա ոնց ենք մուծելու, չգիտենք»,–ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր՝ վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժման աշխատանքներ Գնունու շուկայում։