AM
1 Հոկտեմբեր 2025 - 11:34 AMT

Սահակյան․ Թեև հայտարարվում է 23 գերու մասին, բայց կան քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ

Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ ներկայում ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է միայն 23 հայ գերիի անազատության մեջ գտնվելու փաստը։

Ըստ նրա՝ կան քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ, հայտնում է Panorama.am-ը։

«Այսօր բարձրաձայնվում է, որ Բաքվում կա 23 հայ գերի։ Դա պայմանավորված է այն հանգամքնով, որ ադրբեջանական կողմը հաստատում է 23 հոգու՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու հանգամանքը»,– նշել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ Ադրբեջանում միայն այդքան գերի կա։ Իրավապաշտպանը հատուկ ընդգծել է նաև ադրբեջանական ռազմական հանցագործությունների փաստերը։

«Եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ։ Ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին։

Երկրորդ՝ գերիները բռնի անհետացել են։ Գերեվարմանը հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված կորցրել ենք տեղեկատվությունը այս մարդկանց վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը ժխտողական մոտեցում ունի, հերքում է իր կապը բռնի անհետացած գերիների հետ, հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն։

Չկա որևէ անկախ միջազգային կազմակերություն, որը որոնողական աշխատանքների արդյունքում կարողանա հայտնաբերել փնտրվող անհետացած գերիներին, ստուգել նրանց ողջ լինելը, տեղեկատվություն փոխանցել»,– նշել է Սահակյանը։

Նա շեշտել է, որ իրավապաշտպանների փաստահավաք աշխատանքներում արդեն իսկ արձանագրվել են առնվազն 80 բռնի անհետացման դեպքեր։

«Բազմիցս խոսվում է 80 անձի մասին։ Դա, ըստ էության, իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են։ Երբեք չի կարող որակվել որպես սպառիչ թվաքանակ։ Առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում։ Բայց այդ թվերը կարող են շատ ավելին լինել»,– ասել է նա։

Սահակյանի ներկայացմամբ՝ ներկայում Ադրբեջանում պահվող 23 գերիներից ութը Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ են, իսկ հինգը գերեվարվել են դեռևս 2020 թվականի պատերազմի ընթացքում։

«Ադրբեջանն այս պահին ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմում գերի ընկածներին, այնպես էլ 2023 թվականին գերեվարված, կալանավորված անձանց»,– հավելել է իրավապաշտպանը։

Նա նաև նշել է, որ ստացված տեղեկությունների համաձայն՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն վերջին շրջանում այցելել է Ադրբեջան։

«Չենք բացառում, որ այցելությունների շրջանակում մեկանգամյա տեսակցություն ունեցած լինեն որոշ հայերի հետ։ Ձեռնպահ կմնամ մանրամասներ ներկայացնելուց։ Ապագայում հայտարարությամբ հանդես կգանք»,– նշել է Սահակյանը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։