ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ճեպազրույցում քննադատել է խաղաղության շուրջ հնչող հայտարարությունները։
«Ինչու՞ վազեցին՝ հապշտապ թուղթ ստորագրելու, և ի լուր աշխարհի ասում են՝ խաղաղություն է։ Դա խաղաղություն չէ, քանի դեռ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի մի մասը օկուպացրել են»,– ասել է Խաչատրյանը, հայտնում է Radar Armenia-ն։
Նա ընդգծել է, որ խաղաղության մասին խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և նոր պահանջներ դնել Հայաստանի առջև՝ վիրավորելով հասարակությանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






