AM
1 Հոկտեմբեր 2025 - 12:21 AMT

Կիրակոսյան․ Երբ միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը

ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքներին, ընդգծել է միջազգային դատական գործընթացների կենսական դերը։

«Միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային են։ Երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը»,– նշել է Կիրակոսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտությունը։

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ միջազգային դատական գործընթացները կլինեն շարունակական, քանի որ կարևոր անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Իմ անձնական նեղ մասնագիտական ընկալմամբ, խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում»,- ասել է Կիրակոսյանը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։