Տարեվերջին իր դեբյուտով ներկայացող Cayenne Electric-ը նորովի է սահմանում սրահի ինտերիերի գաղափարը․ ավելի շատ հարմարավետություն, անհատականացման ավելի մեծ հնարավորություններ և կառավարման նոր թվային հայեցակարգ՝ Porsche-ում երբևէ տեղադրված ամենամեծ էկրանով։
Cayenne Electric-ը սրահը վերածում է տպավորությունների տարածքի՝ միավորելով Porsche-ի սպորտային ԴՆԹ-ն և թվային նորարարությունները։ Նրա «սիրտը» նոր Flow Display-ն է՝ Porsche-ում երբևէ տեղադրված ամենամեծ էկրանը։ Լինելով նրբագեղորեն կորացված, մեկ ամբողջությամբ ինտեգրված և ինտուիտիվ կառավարվող՝ այն սահմանում է նոր չափանիշներ։ Հարմարավետության նոր գործառույթները, ինչպիսիք են՝ էլեկտրակարգավորվող հետևի նստատեղերը, մակերեսների տաքացումը և Mood Modes ռեժիմները, զգալիորեն բարելավում են ուղևորությունից ստացվող տպավորությունները։ Միևնույն ժամանակ գույների, նյութերի և ընդգծող դետալների ընդլայնված ընտրությունը գրեթե անսահման հնարավորություններ է բացում անհատականացման համար։

«Մեր նպատակն էր Cayenne-ի բնորոշ հատկանիշները և նոր էկրանային մակերեսները միավորել Porsche Digital Interaction հայեցակարգի հնարավորությունների հետ՝ ստեղծելով մեկ ամբողջական ներդաշնակ փաթեթ։ Այնպիսին, որը կլինի նորարարական, առաջադեմ և բոլոր մանրուքներով մտածված փաթեթ», — ասել է Մարկուս Աուերբախը, Style Porsche-ի սրահի դիզայնի գծով տնօրենը։
Ավելի մեծ հարմարավետություն վարորդի և ուղևորների համար
Cayenne Electric-ի բոլոր ուղևորները ստանում են զգալիորեն ավելի շատ տարածություն և հարմարավետություն ապահովող գործառույթներ։ Էլեկտրական կարգավորմամբ հետևի նստատեղերը ներառված են ստանդարտ լրակազմում և թույլ են տալիս փոփոխել դիրքը՝ առավելագույն հարմար ռեժիմից մինչև ամբողջությամբ ծալված։ Նոր Mood Modes ռեժիմները սինխրոնիզացնում են լուսավորությունը, կլիման, ձայնային համակարգը և նստատեղերի ֆունկցիաները՝ ստեղծելով տարատեսակ յուրահատուկ մթնոլորտներ՝ հանգստության, կենտրոնացման կամ դինամիկ վարումից ստացվող հույզերի ուժեղացման համար։
Տեղաշարժվող համայնապատկերային տանիքը՝ Variable Light Control համակարգով ուժեղացնում է ընդարձակ տարածության զգացողությունը։ Սա ամենախոշոր ապակեպատ տանիքն է, որ երբևէ տեղադրվել է Porsche-ում։ Առջևի մասը բացվում է ինչպես դասական լյուկը, իսկ ամբողջ մակերեսը կարող է փոխել թափանցիկությունը՝ «Clear»-ից մինչև «Matte»՝ շնորհիվ էլեկտրոնային կառավարմամբ հեղուկբյուրեղային թաղանթի։ Հավելյալ հասանելի են երկու կիսաթափանցիկ ռեժիմներ՝ «Semi» (40%) և «Bold» (60%)։
Եվս մեկ առանձնահատկություն է նոր մակերեսների տաքացումը, որն ապահովում է ոչ միայն նստատեղերի, այլև շփման մեծ գոտիների՝ արմնկակալների և դռների վահանակների տաքացումը։ Դրա շնորհիվ սրահում ստեղծվում է հարմարավետ մթնոլորտ՝ ավելի մեծ էներգաարդյունավետության և համաչափության պարագայում, քան տաք օդով ավանդական ջեռուցման դեպքում է։ Հարմարավետությունն ամբողջացվում է թույլ և հաղորդակցման լուսավորության շնորհիվ։
Անհատական Cayenne․ անհատականացման եզակի հնարավորություններ
Ոչ մի Cayenne նախկինում չի ունեցել այնքան լայն կոնֆիգուրացիայի հնարավորություններ, որքան նոր էլեկտրական տարբերակը։ Հասանելի են սրահի 13 գունային համադրություններ, ինչպես նաև 4 սրահի հարդարման փաթեթ և 5 ակցենտային փաթեթ։ Սա թույլ է տալիս ստեղծել գրեթե անսահմանափակ տարբերակներ՝ զուսպ էլեգանտությունից մինչև ընդգծված սպորտային ոճ։

Porsche-ն նաև մշակել է նոր նյութեր․ բացի դասական կաշվից այժմ առաջարկվում են նորահայտ երանգներ՝ Magnesium Grey, Lavender և Sage Grey։ Առանց կաշվի սրահ նախընտրող հաճախորդների համար հասանելի է Race-Tex ինտերիերը՝ Pepita գործվածքային տպագրությամբ, ինչը հարգանքի տուրք է անցյալում եղած Porsche-ի կուլտային դիզայններին։
Դեկորատիվ ներդիրների և ընդգծող դետալների լայն ընտրանին հնարավորություն է տալիս կատարելապես համադրել նյութերն ու գույները՝ ընտրված ինտերիերի ոճի հետ։ Հակադիր դարձակարերն ու ներդաշնակ գունային շեշտադրումները սրահին հաղորդում են լրացուցիչ անհատականություն և բացառիկություն։
Բացի Porsche Exclusive Manufaktur-ի միջոցով անհատականացման հնարավորություններից՝ հաճախորդները կարող են իրագործել իրենց յուրօրինակ տեսլականը՝ նույնիսկ մեկ օրինակով, Sonderwunsch ծրագրի միջոցով։ Այսպիսով, Cayenne Electric-ն առաջարկում է անհատականացման այնպիսի մակարդակ, որը նախկինում երբեք հասանելի չէր Porsche-ի ոչ մի ամենագնացի։
Flow Display․ թվային նորարարություն Cayenne Electric-ում
Նոր Porsche Digital Interaction պատկերման և կառավարման հայեցակարգը դարձել է կարևոր հանգրվան թվայնացման գործընթացում։ Նրա կենտրոնը Flow Display-ն է՝ կորացված OLED էկրանը, որը սահուն կերպով անցում է կատարում կենտրոնական վահանակին՝ ստեղծելով կառավարման եզակի ձևաչափ։ Լրացուցիչ էկրանների հետ միասին այն ձևավորում է Porsche-ի պատմության ընթացքում ստեղծված ամենամեծ թվային մակերեսը։
Ամբողջապես թվային սարքավորումների վահանակը՝ 14.25 դյույմանոց OLED էկրանով, հստակ պատկերում է հզորության ինդիկատորի տվյալները, ինչպես նաև նավիգացիային, օժանդակ գործառույթներին և մուլտիմեդիային վերաբերող տեղեկությունները։ Ուղևորի համար նախատեսված ընտրանքային 14.9 դյույմանոց էկրանը հնարավորություն է տալիս կառավարելու հավելվածները և դիտելու տեսանյութեր անգամ ընթացքի ժամանակ՝ առանց վարորդին շեղելու։ Առաջին անգամ Cayenne Electric-ը հասանելի է պրոյեկցիոն էկրանով՝ ընդլայնված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ, որը նավիգացիոն նշանները և երթևեկության հուշումները ցույց է տալիս 87 դյույմանոց պատկերի արդյունավետ չափով՝ հենց ճանապարհի վրա։

«Էկրանների թվային բովանդակության ստեղծման ժամանակ մեր նպատակն էր վարորդի և սպորտային ավտոմեքենայի միջև ձևավորվել ավելի խորը և հուզական կապ», -ասել է Իվո վան Հուլտենը, Style Porsche-ի Driver Experience բաժնի տնօրենը։
Կարգավորվող վիջեթները կառավարումը դարձնում են ինտուիտիվ։ Նոր Themes App-ի օգնությամբ հնարավոր է փոխել բոլոր էկրանների գունային ձևավորումը։ Հասանելի է հինգ նախապես կարգավորված սխեմա, որոնք փոխում են Flow Display-ի, սարքավորումների վահանակի և մյուս էկրանների արտաքին տեսքը։ Այսպիսով, թվային ինտերֆեյսը ինքնին դառնում է դիզայնի տարր՝ լրացնելով նյութերի և գույների ավանդական ընտրությունը։
Ձայնային օգնական՝ արհեստական բանականությամբ. Cayenne-ը որպես զրուցակից
Հոսքային ծառայությունների և խաղերի գործառույթների լայն ընտրանին Cayenne Electric-ում թվային փորձառությունը բարձրացնում են նոր մակարդակի։ Առանձնակի ուշադրության է արժանի ԱԲ հիմքով ձայնային օգնականը․ նա հասկանում է բարդ հրահանգներն ու ինքնակա ճշգրտումները՝ առանց ակտիվացնող բառը կրկնելու անհրաժեշտության։
Voice Pilot-ը կառավարում է հարմարավետության գործառույթները՝ կլիման, նստատեղերի տաքացումը, թույլ լուսավորությունը և Mood Modes-ը՝ պարզ ձայնային հրամաններով։ Այն ընկալում է նաև բնական խոսքով ասված հասցեները, հետաքրքիր վայրերը և տեղեկությունները երթևեկության մասին, նչպես նաև ըստ պահանջի նվագարկում է մեդիա-բովանդակությունը, ներառյալ՝ հոսքային ծառայություններն ու ռադիոկայանները։
Նոր Porsche Digital Key-ի օգնությամբ սմարթֆոններն ու խելացի ժամացույցները կարող են օգտագործվել որպես բանալի։ UWB տեխնոլոգիայի շնորհիվ ավտոմեքենան ավտոմատ կերպով ճանաչում է սարքը և բացում կամ արգելափակում է դռները՝ տիրոջ մոտենալու կամ հեռանալու դեպքում։ Թվային բանալին հնարավոր է պահպանել Wallet հավելվածում և կիսվել մինչև յոթ լրացուցիչ օգտատերերի հետ։
Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև լուսանկարների ու տեսանյութերի համար կարելի է այցելել Porsche Newsroom։






