AM
1 Հոկտեմբեր 2025 - 14:22 AMT

Սահակյան. Այլ երկրներ, այդ թվում ԱՄՆ–ն, Արցախին ֆինանսապես աջակցել են՝ այսինքն ֆինանսավորել են ահաբեկչությո՞ւն

Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքներին նվիրված քննարկման ընթացքում Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի և Ռուբեն Վարդանյանի ներկայացրած միջնորդությունների հնարավոր նպատակները՝ կապված Բաքվի դատարանում վերջինների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին ու Կարմիր խաչի ներկայացուցիչներին որպես վկաներ ներգրավելու առաջարկներին։

«Ես այստեղ ավելի տակտիկական հարց եմ տեսնում, չեմ կարծում, որ միջնորդություն անելիս ակնկալիք են ունեցել, որ այն բավարարվելու է կամ բավարարված միջնորդության հիման վրա փաստացի հարցաքննություն է իրականացվելու»,- ընդգծել է Սահակյանը, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ նրա, այդ միջնորդություններն ավելի շատ հռետորական բնույթ ունեին:

«Նշված անձինք մեղադրում են այնպիսի օրինական գործողությունների համար, որոնք կապված են եղել ԼՂՀ-ում պաշտոն զբաղեցնելու և պաշտոնի ուժով գործողություններ իրականացնելու հետ։ Ինքնուրույն, այլ արարքներ նշված անձանց չեն վերագրում։ Ինքնին Արցախի իշխանություն կրող պետական միավորների գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն, զինված խմբավորումներ։

Այս հարցադրման հետևում դա է կանգնած՝ եթե չի եղել ինքնահռչակման ապօրինություն հաստատող, դատապարտող գործողություն, ավելին՝ ստեղծվել է լեգիտիմ մեխանիզմ, որի շրջանակում հակամարտությունը պետք է ամբողջական լուծում ստանար, արդյո՞ք դրա շրջանակում կատարվող գործողությունները երբևէ կարող են հանցավոր լինել։ Եթե դրանք հանցավոր են, ուրեմն ունենք հանցակիցներ»,- ընդգծել է Սահակյանը։

Նա հավելել է, որ նման տրամաբանությամբ՝ աշխարհի բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք առնչվել են Արցախի իշխանությունների հետ կամ բանակցել են նրանց հետ, ըստ այդ դատական պնդումների, դուրս են գալիս որպես հանցակիցներ՝ սկսած Բակո Սահակյանի հետ հանդիպած ներկայացուցիչներից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։

«Ցանկացած պետության ներկայացուցիչ, որը բանակցել է Արցախի նախագահների հետ, օրինակ Բակո Սահակյանի հետ, նշանակում է, հանցակից է, Մինսկի խումբը, որը լուծումներ է քննարկել, փորձել համաձայնեցնել Արցախի վարչակազմի հետ, հանցագործ է, այլ պետությունների կողմից, այդ թվում ԱՄՆ, Արցախին եղել է ֆինանսական աջակցություն, այսինքն այս պետությունները ֆինանսավորել են ահաբեկչությո՞ւն», ասել է նա։

Այս համատեքստում, ըստ Սահակյանի, միջնորդությունների բուն իմաստը եղել է միջազգային հանրությանը փաստացի ուղերձ հղել այն մասին, որ Արցախում ինքնորոշման գործընթացն ինքնին չի կարող դիտարկվել որպես հանցագործություն։

«Այդ միջնորդությունների բովանդակությունը հետևյալն էր՝ աշխարհին ցուցադրել, որ ինքնորոշման իրավունքը չի կարող համարվել հանցագործություն, եթե այդպիսին համարվի, ապա պետք է նաև մյուս հանցակիցներին ի հայտ բերելու ջանքեր գործադրվեն»,- եզրափակել է Սահակյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։