AM
1 Հոկտեմբեր 2025 - 14:32 AMT

Իրավապաշտպան. Հրաժարվելով Բաքվի դեմ գանգատներից՝ հետ ենք քաշվում մի դաշտից, որտեղ հաղթող ենք եղել

Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքներին նվիրված քննարկման ժամանակ Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարևորել է իրավական գործիքակազմը։

Նա հայտարարել է, որ, հրաժարվելով միջազգային ատյաններում Բաքվի դեմ գանգատներից՝ հետ ենք քաշվում մի դաշտից, որտեղ հաղթող ենք եղել, հայտնում է Panorama.am-ը։

«Իրավական գործընթացներն այնքան կարևոր են, որ խաղաղության նախաստորագրված պայմանագրի տեքստում դրա մասին դրույթ կա»,- նշել է Սահակյանը՝ ընդգծելով, որ միջպետական գանգատներից հրաժարվելու շուրջ բանակցությունները եղել են երկարատև և ռազմավարական։

Նա ընդգծել է, որ Բաքուն այս դրույթն ամրագրելու համար գործադրել է իր բոլոր հնարավորությունները՝ գիտակցելով դրա ազդեցությունը։

«Ադրբեջանական կողմը, ըստ էության, երկու բան է արել. առաջին՝ գործադրել է իր բանակցային ներուժը՝ պարտադրելու համար միջպետական գանգատների հետկանչ, երկրորդ՝ դա ուժեղացնելու համար նախաձեռնել է նաև արհեստական դատական գործընթացներ, որպեսզի և ճնշում գործադրի այդ դրույթն ամրագրելու համար։

Սա արդեն ցուցադրում է, թե Ադրբեջանի շահերը որտեղ են, որ կարող են վնասվել։ Այսինքն, ցանկացած իրավական գործընթաց վնասում է Ադրբեջանի անվտանգությանը, որովհետև ճշմարտությունը չեզոքացնում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ուստի մենք տեսնում ենք, որ այս ողջ գործելակերպի միակ հակաթույնը իրավականն է»,- նշել է իրավապաշտպանը։

Սահակյանի համոզմամբ՝ իրավական դաշտը եղել է այն եզակի ուղղությունը, որտեղ Հայաստանը կարողացել է իրական արդյունքի հասնել՝ ի տարբերություն ռազմական և քաղաքական ուղղությունների։

«Միակ ոլորտը, որտեղ մենք հաջողությամբ գործընթացներ ենք վարել՝ թե ընթացող միջպետական գործընթացները, թե անհատական, դա հենց իրավական է։ Ստացվում է՝ մենք հետ ենք քաշվում մի խաղադաշտից, որտեղ հաղթող ենք եղել, փորձում ենք մնալ մի խաղադաշտում, որտեղ մեզ շատ վատ ծեծել են, ավելին՝ ազգային ինքնասիրության հետ կապված հարցեր են դրել»,- հավելել է Սահակյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։