«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերջ, այլևս խաղաղություն է, թուղթ են ստորագրում, բայց պարզվում է՝ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա։
Խոսելով Փաշինյանի՝ արցախցիների վերադարձն իրատեսական չհամարելու հայտարարության մասին՝ Խաչատրյանը պնդել է, որ նման որոշումների լիազորություն վարչապետը չունի, հայտնում է «Փաստինֆոն»։
«ՄԻԵԴ-ի 2 վճիռ կար, Չիրագովն ընդդեմ Հայաստանի և շահումյանցիների բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Հիմա, եթե մարդիկ դիմում ներկայացնեն, և ՄԻԵԴ-ը համանման որոշում կայացնի՝ Փաշինյանն ի՞նչ է անելու` սպառնալո՞ւ է, բանտարկելո՞ւ է, որ մարդիկ չվերադառնան, իրենց հարցը չբարձրացնե՞ն միջազգային ատյաններում»,-ասել է նա:
Նա հավելել է, որ արցախցիները չեն պատվիրակել իրենց իրավունքների պաշտպանության իրավունքը գործող իշխանություններին։
«Հիշեցնեմ, որ, երբ 2018-ին Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելով բանակցում էր Արցախյան հարցի վերաբերյալ, ասում էր, որ սրանք բանակցություններ չեն, ուղղակի հանդիպում ենք, խոսում ենք՝ հասկանանք, թե ամեն բառի տակ ինչ է հասկացվում։ Իսկ հիմա ստորագրում է մի փաստաթուղթ, որի հիմնական բառի շուրջ կան տարընթերցումներ, Ալիևը հասկանում է մի բան, ինքն ուրիշ բան, Թրամփը խոսում էր 99 տարով վարձակալության մասին, հետո ևս 99 տարով երկարաձգելու մասին։ Ինչի՞ վազեցին հապշտապ ինչ-որ թուղթ ստորագրեցին, հիմա էլ ի լուր աշխարհի ասում են՝ վերջ, մեր մոտ խաղաղություն է»,–ասել է նա
Նրա խոսքով՝ այս ամենի պայմաններում խաղաղություն չի կարող հաստատված համարվել, քանի որ, ըստ Խաչատրյանի, Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել ու սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։
Նա ընդգծել է. «Ի՞նչ խաղաղություն, երբ դիմացինն Հայաստանի նկատմամբ անընդհատ պահանջներ է դնում, սպառնալիքներ է հնչեցնում ու հայ հասարակությանը վիրավորում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չի համարում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է մարդկանց ազնիվ ասել այդ մասին, որպեսզի նրանք կարողանան կառուցել իրենց հեռանկարն ու պլանները։
«Ընդհանրապես, բոլոր փախստականների վերադարձի թեման այս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար»,– հավելել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս թեմայի շահարկումը կարող է նոր լարվածություն առաջացնել։






