Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով արդեն 25 տարի զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ և «Նժար»սահմանադրական շարժման հիմնադիրներից է, շարժման վարչապետի թեկնածուն է լինելու:
Այդ մասին հայտարարել է շարժման համահիմնադիրներից՝ գյուտարար Արտաշես Իկոնոմովը: Նրա խոսքով՝ իրենց թեկնածուն իր ամբողջ կյանքով ապացուցել է օրենքի ու իրավունքի նկատմամբ իր կայուն մոտեցումները, հայտնում է Aravot.am-ը։
Իկոնոմովն ընդգծել է, որ իրենց թեկնածուն՝ Նինա Կարապետյանցը, տարիների ընթացքում գործնականում հաստատել է իր հետևողական դիրքորոշումը օրենքի և իրավունքի նկատմամբ։
«Պետք է մտնենք օրենքի դաշտ, վերականգնենք մեր ժողովրդավարությունը»,- ասել է Իկոնոմովը՝ նշելով, որ Կարապետյանցի նման անձի առաջադրումը որպես վարչապետի թեկնածու, նշանակալի պահ է մեր պետության պատմության համար։
Շարժման մեկ այլ անդամ՝ Գարեգին Միսկարյանը, հավելել է, որ Կարապետյանցն արդեն քառորդ դար հավատարմություն է ցուցաբերել արժեքներին, կարողացել է դիմակայել համակարգային ճնշումներին և հավատարիմ է մնացել իր գաղափարական սկզբունքներին։ Նա ընդգծել է, որ քաղաքական ուժերի առաջին համարների դերակատարները հիմնականում կուսակցական շրջանակից են, մինչդեռ երկրի առջև ծառացած խնդիրները հնարավոր չէ հաղթահարել միայն կուսակցական մեխանիզմներով։ Դրա փոխարեն, ըստ նրա, պահանջվում են խորքային, համակարգային լուծումներ։
Մինչ շարժման ներկայացուցիչները կհայտարարեն իրենց կառավարության կազմը, Միսկարյանը նշել է, որ անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն համագործակցություն և համախմբում։ Այդ իսկ պատճառով, ըստ նրա, այս պահին նպատակահարմար չէ քննարկել նախարարների կամ այլ պաշտոնյաների անունները։ Սակայն, նա հավելել է, որ մոտ մեկուկես ամսվա ընթացքում շարժումը կներկայացնի իր կառավարական թիմը, որը կբացատրի, թե ինչպես է ծրագրում կազմակերպել Հայաստանի զարգացումը։
«Նժարի» անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ մասնակցելու են 2026 –ի խորհրդարանական ընտրություններին:






