AM
2 Հոկտեմբեր 2025 - 06:15 AMT

Թովմասյանը պահանջում է 9 մլն դրամ բռնագանձել ՔՊ-ական Հովհաննիսյանից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այդ մասին հայտնի է դարձել Դատական տեղեկատվական համակարգից։

Ընդդիմադիր պատգամավորը պահանջել է ՔՊ-ական գործչից հրապարակային ներողություն՝ տեսագրությամբ, իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, հայտնում է Panorama.am-ը։

Բացի այդ, Թովմասյանը պահանջել է 9 միլիոն դրամ բռնագանձել Հովհաննիսյանից, որից 3 միլիոնը՝ որպես վիրավորանքի համար պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ մնացած 6 միլիոնը՝ զրպարտության դիմաց ոչ նյութական վնասի հատուցման նպատակով։

Հայցադիմումն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Սամվելի Շիլաջյանին։

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնում է ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով։ Հաջորդ օրը Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Թովմասյանի հասցեին։