AM
2 Հոկտեմբեր 2025 - 06:56 AMT

Փաշինյան․ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, այն ՀՀ մասին չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ–Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման, այն ՀՀ մասին չէ:

«Իմ ընկալումն այն է, որ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասել «Զանգեզուրի միջանցք», թող ասեն «Զանգեզուրի միջանցք»: Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան: Եվ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ: Հորադիզ-Զանգելանի միջանցք. կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն: Բայց դա Հայաստանի մասին չէ»,- ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը։

Ըստ նրա՝ հայկական կողմին չպետք է հուզի, թե Ադրբեջանն ինչ անուն է դնում:

«Կարող է որոշեն անունը դնել «Ալբերտ Էյնշտեյն»: Թող դնեն: Դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի: Ես թղթեր ունեմ ստորագրած, դրանք հրապարակային են: Մեր երկրի տարածքում կա «Թրամփի ուղի» և «Խաղաղության խաչմերուկ»»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նա ընդգծել է, որ Հայաստանը, գտնվելով իր տարածքում, որևէ մեկի հետ համաձայնեցման կարիք չունի նախագծերի անվանման հարցում։

«Մենք մեր երկրի տարածքում կարիք չունենք որևէ մեկի հետ համաձայնեցնել, թե անունն ինչ դնենք: Իսկ համաձայնեցված անունը TRIPP ուղին է: «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելան ճանապարհն է, որը կարող է ձգվել մինչև Հայաստանի հետ սահմանային կետ՝ չհասած Հայաստանի սահման»,- ասել է վարչապետը։

Վերջում նա կրկին շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցք» անվանվող ուղին որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, և Ադրբեջանն իր տարածքում ազատ է ընտրել ցանկացած անվանում։

Փաշինյանն հայտարարել է, որ տարածաշրջանային կապուղիների վերաբացման հարցում իր մոտեցումները չեն փոխվել, այլ շարունակում են համապատասխանել նախկինում ընդունված դիրքորոշումներին։ Նրա խոսքով, բոլոր գործողությունները պետք է իրականացվեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված պայմանավորվածությունների հիման վրա։

«Պետք է արձանագրեմ, որ իմ դիրքորոշումները չեն փոխվել․ դրանք չեն կարծրացել, չեն թուլացել։ Այն, ինչ արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, մեր քաղաքականությունն է, մեր կամքը, և մենք համոզված ենք, որ դա պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը հետևյալն է․ մենք ունենք ստորագրված և նախաստորագրված փաստաթղթեր, և երբ հնչում են արտահայտություններ, որոնք այդ փաստաթղթերում չկան, բնականաբար, հարց է առաջանում։ Օրինակ՝ օգտագործվում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Մենք բացում և կարդում ենք Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը․ այնտեղ կա՞ նման արտահայտություն։ Չկա։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված։ Կա՞ այնտեղ նման արտահայտություն։ Չկա։ Երբևէ որևէ փաստաթղթում մենք ընդունե՞լ ենք նման ձևակերպում։ Չենք ընդունել։

Հետևաբար, հարց է առաջանում՝ ինչու է այն շրջանառվում։ Ես պարզ հարց տվեցի և ասացի, որ արժե հստակեցնել՝ որտեղի մասին է խոսքը։ Այս մասին ես խոսել եմ նաև Ազգային ժողովի ամբիոնից, որովհետև սա կարևոր նյուանս է։ Օրինակ՝ եթե Ադրբեջանում որոշում են որևէ ճանապարհ անվանել, ասենք՝ Հորադիզ-Զանգելան, պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես ասում եմ՝ Հայաստանի պարագայում անունները որոշում է Հայաստանը, Ադրբեջանի պարագայում՝ Ադրբեջանը։ Եվ սա արձանագրված է փաստաթղթում, որովհետև մենք ճանաչել ենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Հետևաբար, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ փոփոխությունը տեղի է ունեցել խոսույթի մեջ, որովհետև օգոստոսի 8-ից հետո ենթադրվում է, որ մենք պետք է այլ կերպ մոտենանք հարցերին և այլ կերպ դիտարկենք դրանք»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած որոշ մեկնաբանություններում տարբեր բառեր են կիրառվում, Հայաստանի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ՝ նպատակն է՝ առանց ավելորդ քաղաքականացումների սկսել ենթակառուցվածքների գործնական նախագծումը։

«Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և մալուխների նախագծումն ու կառուցումը։ Մենք պետք է նաև սկսենք երկաթուղու նախագծումը և դիտարկենք, թե որ ենթակառուցվածքներն են, որ անհրաժեշտ է վերաբացել։

Բայց ուզում եմ ընդգծել․ այս թղթում հստակ արձանագրված է հինգ սկզբունք։ Մենք ասել ենք, և նորից ասում ենք, որ պատրաստ ենք գնալ պարզեցումների, որպեսզի մաքսային և սահմանային հսկողությունները համապատասխանեն աշխարհի լավագույն ու ժամանակակից ստանդարտներին։ Սակայն այդ պարզեցումներն էլ սահմանափակված են հենց այդ հինգ սկզբունքով՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն և փոխադարձություն՝ ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար։

Մեր կամքը և վճռականությունը որևէ կերպ չի սասանվել։ Ընդհակառակը՝ ես հարց եմ բարձրացնում․ ինչո՞ւ պետք է բառերի շուրջ վեճ ստեղծենք։ Եկեք գործնականում իրագործենք այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք։ Մենք պատրաստ ենք դա անել և հենց այս պահին ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- եզրափակել է վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ասել է, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից։

Նա ընդգծել է, որ թեև Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, դեռևս առկա են լուրջ անելիքներ, իսկ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը հակասում է խաղաղության կառուցման տրամաբանությանը։