AM
2 Հոկտեմբեր 2025 - 07:59 AMT

«Շողակաթը» կարող է զրկվել եթերից․ ՔՊ պատգամավորները նախագիծ են մշակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ հանրային կարգավիճակ ունեցող հեռուստաալիքների թիվը չպետք է պակաս լինի երկուսից։

Այժմ գործող օրենքով սահմանված նվազագույն թիվը երեք է, ինչը նշանակում է, որ փոփոխության ընդունման դեպքում հնարավոր է մեկ ալիքի՝ մասնավորապես «Շողակաթի» եթերազրկում, հայտնում է Factor.am-ը։

«Առաջին ալիքը», «Լուրերը» և «Շողակաթը» ներկայումս համարվում են հանրային հեռարձակողներ։ Նախագծի հեղինակները փաստել են, որ երեք հեռարձակողի գոյությունը բերում է բովանդակային կրկնությունների, ռեսուրսների ցրման և կառավարման դժվարությունների։

Նախագծի հիմնավորման մեջ մեջբերված է նաև եվրոպական փորձը, թեև պատգամավորները հստակ չեն նշել, թե որ երկրներում է կիրառվում նման մոդել։

Չնայած նախագծում հստակ չի նշվում, թե որ ալիքի գործունեությունն է դադարեցվելու, ակնարկները և իշխանության ներկայացուցիչների նախկին հայտարարությունները մատնանշում են «Շողակաթ» հեռուստաալիքը։

«Շողակաթը» հիմնադրվել է Մայր Աթոռի կողմից և և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռուստառադիո խորհուրդն այս ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ։ Դրա համար «Շողակաթը» պետբյուջեից ստանում է 220 մլն դրամ։

ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը դեռ անցյալ տարի բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարել էր, որ առաջարկում է այդ միջոցները փոխանցել այլ ընկերության՝ մրցութային կարգով՝ նշելով, որ կրոնական կազմակերպության կողմից ֆինանսավորվող ալիքը չի ներկայացնում ambողջ հանրությանը։

«Թող մշակութային ալիք լինի, թող մրցույթով լինի։ Վերցնել տալ մի հատ կրոնական կազմակերպության, որը ամենևին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»,- ասել էր նա` անդրադառնալով նաև այն հանգամանքին, որ ալիքը լուսաբանում է ընդդիմադիր քաղաքական ցույցեր։

Ավելի վաղ Արսեն Թորոսյանն էլ էր առաջարկել «Շողակաթի» միջոցները փոխանցել «Առաջին ալիքին»՝ հարստացնելու վերջինիս մշակութային բովանդակությունը։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը այդ ժամանակ արձագանքել էր՝ շեշտելով, որ հոգևոր-մշակութային ալիք ունենալը միջազգային պարտավորություն է, և «Շողակաթի» միջոցով է իրականացվում այդ պահանջի կատարումը։ Նա նշել էր նաև, որ առանձին մշակութային ալիք ստեղծելու համար անհրաժեշտ են միլիարդավոր ռեսուրսներ։

«Շողակաթի» վերաբերյալ իշխանության քննարկումները ակտիվացել են այն պահից, երբ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր, իսկ այժմ գործընթացը մտել է գործնական փուլ՝ վարչապետի կողմից Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջի ֆոնին։