AM
2 Հոկտեմբեր 2025 - 09:10 AMT

Անդրեասյան. Շահագործման է հանձնվել արդեն 59 դպրոց, 256-ը՝ շինարարության փուլում է

Հայաստանում իրականացվող «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում արդեն ավարտին է հասցվել 59 դպրոցի կառուցումը, իսկ ևս 256-ում շինարարական գործընթացները շարունակվում են։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախապես նախատեսվածից ավելին է կառուցվելու։ Նախարարն ընդգծել է՝ նախաձեռնությունը տեսանելի է Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, և դրա արդյունքները հավելյալ հաստատման կարիք չունեն, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք ամենօրյա ջանք են դնում, որ այս բոլոր կառուցապատման գործընթացները հասցվեն տրամաբանական ավարտին: 59 դպրոցներ արդեն հանձնված են շահագործման, 259 դպրոցներում ընթանում են աշխատանքներ: Պարզ թվաբանությամբ՝ սա արդեն ավելին է, քան 300-ը: Բացի այդ՝ մենք ունենք ևս մոտ 60 դպրոց, որ նախապատրաստվում են շինարարության գործընթացին»,- ասել է Անդրեասյանը:

Նա վստահեցրել է, որ ծրագիրը իրագործվելու է ամբողջությամբ, և քաղաքացիները կարող են վստահ լինել դրա իրականացման հարցում։ Ըստ նախարարի՝ շինարարությունը ժամանակատար գործընթաց է, սակայն արդյունքը լինելու է ակնհայտ։

«300-ից ավելին ենք ունենալու: Եվ ունենալու ենք ավելին, քան 300-ը նաև առաջիկա տարիներին»,- նշել է նախարարը։