ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության հոկտեմբերի 2-ի նիստում ներկայացրել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում կատարված աշխատանքները։ Նրա խոսքով՝ միայն այս լիազորությամբ պետությանը վերադարձվել է մոտ 10 մլն 276 հազար դոլարին համարժեք 3 մլրդ 933 մլն դրամի գույք։
Այդ թվում պետությանը վերադարձվել է շուկայականին մոտ արժեքով գնահատված 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույք, ինչպես նաև 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ, հայտնում է 1 lirer.am-ը։
«Բացի դրանից՝ բռնագանձվել է 654 հազար ամերիկյան դոլարին համարժեք 249 մլն դրամ: Կրկնում եմ՝ սա միայն պետական ու համայնքային շահերի պաշտպանության մեր լիազորությունների շրջանակում է»,– նշել է Վարդապետյանը։
Նա հավելել է, որ միասնական միջոցների հաշվի մասով, որը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կառավարության որոշմամբ, արդեն կուտակվել է շուրջ 52 մլն 254 հազար դոլարի համարժեք՝ ավելի քան 20 միլիարդ դրամ։






