Մերձավանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակային որևէ հայտարարություն դեռ չի կարող անել, քանի որ այս պահին դեռևս արձանագրում են ներկայացված խնդիրները։ Նա այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո։
«Այս պահին խախտումների մասին դեռ չեմ կարող խոսել, քանի որ այս ընթացքում պետք է խնդիրները բացահայտենք, արձանագրենք, հետո հրապարակենք»,–նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Հարցին՝ արդյոք ՄԻՊ-ն անելիք չուներ, քանի որ Մերձավանում միջանձնային լարվածությունը տևական ժամանակ էր նկատվում, Մանասյանը պարզաբանել է, որ օմբուդսմենի մանդատը հանցագործությունների կանխարգելման ոլորտում չի գործում։ Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի գործառույթը վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանությանը։
«Ինչ վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակում ցանկացած անձի պաշտպանությանը, ապա, բնականաբար, ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, նաև պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պատկան մարմիններից։ Այս դեպքի հետ կապված աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են, քանի որ կարծես այդ բոլոր հրապարակային հայտարարությունները նոր են արվում»,– նշել է նա։
Մանասյանը հավելել է, որ ավելի ուշ կխոսի դեպքի մասին՝ իր լիազորությունների շրջանակում, շեշտելով անմեղության կանխավարկածի պահպանման ու իրավական սկզբունքների պաշտպանության կարևորությունը։
«Կարևոր է հատկապես ավելորդ հայտարարություններ չանելու կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպը»,– եզրափակել է օմբուդսմանը։
Սեպտեմբերի 23-ին Մերձավանում դիմակավորված անձը կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Դեպքի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, իսկ սեպտեմբերի 28-ին՝ երկրորդ անձ, որը խոստովանել է, որ ինքը է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հրազենը։






