Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի ոչ թե ԱԺ լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում, հայտնում է «Ազատությունը»։
«Տեղի կունենան փակ լսումներ, և փաստաթուղթը կներկայացվի հենց այդ ձևաչափով, քիչ առաջ ենք խորհրդում քննարկել և նման որոշում ընդունել»,– ասել է Սիմոնյանը։
Նա շեշտել է, որ զեկույցը լիագումար նիստում քննարկելու իրավական հիմքեր չկան։ Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ նախօրեին արդեն հայտարարել էր՝ փաստաթուղթը լիագումար չի մտնելու, սակայն այն կքննարկվի այլ ձևաչափով։
Այս որոշումը դժգոհություն է առաջացրել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մոտ։ Նա պնդել է, որ սպասում է զեկույցի ներառմանը ԱԺ օրակարգում, հակառակ դեպքում իրավաբանները պետք է հստակ պարզաբանեն իրավիճակը։
«Փակ լսումներ այդ ֆորմատը որ ասվում էր … ըստ Կանոնակարգ օրենքի, որ ասում են ժամկետը խախտվել է, ուրեմն զեկույցը չկա, իհարկե դա վիճահարույց է, էն էլ ոնց։ Եթե ընդունում ենք, որ զեկույցը կա, գնում է փակ լսումների, ապա լիագումար ինչո՞ւ չի գնում։ Եթե լիագումար չի գնում, նշանակում է՝ զեկույցը չկա»,– ասել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ սպասում է Պետաիրավական հանձնաժողովի նախագահի վերադարձին՝ իրավական վեճի շուրջ հստակ պատասխան ստանալու համար։
Սիմոնյանը, սակայն, պնդում է, որ Պետաիրավական հանձնաժողովն արդեն տվել է իր եզրակացությունը՝ ըստ որի զեկույցը չի կարող ներառվել ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև խորհրդարանի իրավաբանական վարչությունը և քարտուղարությունը։
Քոչարյանը նշել է, որ լուծման ճանապարհները հենց Կանոնակարգ օրենքում են ամրագրված, և նախադեպ արդեն գոյություն ունի:
«Իրավիճակի լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ, որը ես նամակով ուղարկել եմ ԱԺ նախագահին։ Չէ որ զեկույցի ժամանակ ևս ժամկետների խախտման խնդիր կար, այսինքն, նախադեպ կար։ Ցանկացած իրավաբանի եթե հարցնեք՝ էդ նախադեպը գոյություն ունի, իսկ նախադեպը ժողովրդավարական երկրներում լրջագույն ինստիտուտ է»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա ընդգծել է, որ խորհրդակցել է սահմանադրական իրավունքի մասնագետների հետ և ինքն էլ իրավաբանական կրթություն ունի։
«Ես հո երեխա չեմ, նաև քառօրյայի ժամանակ եմ քննարկել, որովհետև այնտեղ էլ կար ժամկետի խնդիր»,–ասել է նա։
Քոչարյանի գնահատմամբ՝ Սիմոնյանի մեկնաբանությունը վիճահարույց է, և անհրաժեշտ է հստակ իրավական լուծում։
Ավելի վաղ Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն ասել էր, որ պետք է հնարավոր լինի զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք չեն պարունակում պետական գաղտնիք կամ անվտանգային ռիսկեր, հասանելի դարձնել հանրությանը։






