AM
2 Հոկտեմբեր 2025 - 10:41 AMT

ԱԺ արտահերթում կքննարկվի ՔՊ-ի՝ խաղաղության վերաբերյալ հայտարարության նախագիծը

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ԱԺԽՈ-047-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ նախագահի որոշմամբ սեպտեմբերի 30-ին գումարված ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է»,- ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։