AM
2 Հոկտեմբեր 2025 - 11:01 AMT

ԱԺ-ն մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը

Ազգային ժողովը 1-ին ընթերցմամբ մերժել է «Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։

Նախագծին կողմ է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 2։

Քվեարկությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իշխող ուժը դեմ է հանդես գալու նախաձեռնությանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ առաջարկվում է սահմանել պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 100–300-ապատիկ տուգանքով կամ 150–250 ժամ հանրային աշխատանքներով, կամ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։

Հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշել է, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի գնահատմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն ներառում է նմանատիպ արարքների պատասխանատվություն։

Կառավարությունն էլ դեռ մայիսի 22-ին բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ հիմնավորելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է։

Ապրիլի 22-ին խորհրդարանում այս հարցի շուրջ արդեն եղել էին բուռն քննարկումներ։ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ցեղասպանության ուրացումը քրեականացնելու օրինագիծ։