Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, արձագանքելով ընդդիմության ելույթներին, հայտարարել է, որ ընդդիմադիրները հետևողականորեն փորձում են տորպեդահարել խաղաղության օրակարգը։
Նրա խոսքով՝ ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, սուտ մատնություն են կատարել ՀՀ դեմ՝ երեքն էլ մեղադրելով ՀՀ-ին պատերազմ սկսելու մեջ, հայտնում է 1lurer.am-ը։
«Հետո գալիս, ասում եք՝ մեր երեք հաղթած նախագահները… Ո՞նց կարող են հաղթած նախագահները Հայաստանին մեղադրեն պատերազմ սկսելու մեջ և սուտ մատնություն իրականացնեն ՀՀ-ի դեմ»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասել է Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության մոտ նկատվում է հետևողական մերժողականություն։
«Երբ մենք ձեզ ասում ենք՝ դուք դրական օրակարգերի թշնամին եք, և ասում ենք, որ դուք Հայաստանում ցանկացած դրական օրակարգ փորձում եք նսեմացնել, նեղանում եք, բայց իրականում այդպես է, ժողովուրդ;
Հենց խաղաղություն բառը ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում: Նույնիսկ արդեն առանց ներքին դիսկոմֆորտի եք Հայաստանում սկսում մեղադրել պատերազմ հրահրելու մեջ»,- հայտարարել է նա:
Նա ասել է նաև, որ 20 րոպե առաջ «Հայաստան» դաշինքը հայտարարեց 20 րոպե ընդմիջում նախորդ քվեարկության համար, որ քննարկեն և որոշեն իրենց դիրքորոշումը, բայց իրենք էդպես էլ չվերադարձան։
«Ինչո՞ւ։ Որովհետև իրենք գիտեին, և ես հայտարարել էի, որ այս քվեարկությունից անմիջապես հետո մենք ունենալու ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկումը, և իրենք, քանի որ միշտ փախել են խաղաղությունից, հասկացան, որ եթե քվեարկեն, ապա էդ պահին պիտի լքեն դահլիճը…
Արձանագրում ենք, որ ընդդիմությունը, երբ խոսքը վերաբերում է խաղաղությանը, փախչում է, մեռած է ձևանում, ամեն ինչ անում է՝ խաղաղության հետ որևէ կերպ չառնչվելու համար։ Սրանից լավ ապացույց ուղղակի չկա»,– ընդգծել է Կոնջորյանը։
Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա նախ տեղեկացրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ պետք է հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին՝ ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը, ապա ընթերցել երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարությունը:






