Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, նկատի ունենալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «գյումրեցու հիշողություններում նրա մասին ոչ մի լավ լեգենդ չկա»։
Նա հավելել է, որ մեր երկրի ինքնիշխանությունն այլընտրանք չունի։
«Տխրահռչակ քաղաքական անցյալը մոռանալը բարդ է, անհնար, բայց ձևացնելը, թե մոռացել ես` կարծես հեշտ է: Այսօր համոզվեցինք:
Գյումրու քաղաքապետը, որ պարզվում է` լեգենդների մեծ սիրահար է, ինքն իր լեգենդն է հնարել, հավատում է դրան կուրորեն, բարձր խոսում է դրա մասին` մոռանալով, որ մարդիկ չար կերպարներին միշտ հիշում են և ոչ միայն…
Վստահ եմ` գիտեք, որ գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա:
Մեր երկրի ինքնիշխանությունն այլընտրանք չունի:Անքննարկելի այս փաստը, փաստորեն, կանգնել է այն մարդկանց կոկորդին, որոնք ամբողջ քաղաքական ուղին անցել են թելադրանքի հետևելով, մարիոնետային սկզբունքով:
Եվ հիմա, լավ իմանալով, որ այս իրողության դեմ մարտնչելը պարզապես անիմաստ է, կախվել են փրփրուրներից` դատարկաբանելով ու հանրության առաջ դարձյալ դեմքն ու իրական ձգտումները ի ցույց դնելով: Բացեիբաց եք խոստովանում, որ ինքնուրույն, կայուն ու անկախ երկիրը անընկալելի է ձեզ համար, իսկ հպատակ լինելը մտածողություն է, ապրելակերպ:
Այնպես, ինչպես ապրել եք դուք, և ձեր քաղաքական հովանավորները` անհամատեղելի են այն պետության մոդելի հետ, որն այսօր իրականություն է դառնում մեր երկրում:
Դադարե´ք ինքնախայտառակվել և զուր հույսեր փայփայել: Հայաստանը ինքնիշխան հանրապետություն է:
Եվ ուրեմն, հանգիստ, հանդարտ, ինստիտուցիոնալ լուծումներով կշարժվենք առաջ»,- նշել է Առուշանյանը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, թե «պետք է դուրս շպրտվի» արատահայտությանը չի պատասխանի, միայն կասի՝ «տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանություններին թույլ չեն տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ և որ Գյումրիից են սկսելու հեղափոխությունը։
ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանը հայտարարել է. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։






