Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ քննվող գործով նիստը։ Դատական նիստը վարում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդել է հեռացնել բոլոր հանրային մեղադրողներին։ Նրա խոսքով՝ գործի նյութերում առկա է ակնհայտ կեղծիք։
«Երկխոսության զգալի հատված դուրս է բերված երկխոսությունից քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար, ինչը հետագայում օգտագործվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններում, Քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներում, ինչպես նաև վերջինիս ԱԺ ելույթներում»,-ասել է Խուդոյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա նաև պարզաբանումներ է ներկայացրել դրանց վերաբերյալ։
«Հարգելի դատարան, ես հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել այս վարույթից։ Բացարկը հայտնում եմ իմ անունից, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից, և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը, նաև Մխիթար Գոշի անունից»,– ասել է Խուդոյանը։
Իր հերթին Բագրատ Սրբազանը հիշեցրել է, որ դեռ առաջին նիստում դատախազներին անվանել է ոչ թե մեղադրողներ, այլ զրպարտողներ․ «Առաջին օրն ասել եմ, մեղադրողները մեղադրողներ չեն, զրպարտողներ են, և այդ խոսքս հիմք ունի։ Բնականաբար անպատասխանատու հայտարարություն չեմ արել»։
Նա նշել է, որ երեք ամիս շարունակ երեք հարց է բարձրացրել գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի ղեկավարի ar57` կապված քաղաքական հայտարարությունների ու գործի նյութերի հետ։
Գալստանյանը մեղադրողներին ուղղել է հարցեր՝ արդյոք գործում առկա են «երկու հոգու գյուլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» կամ «ավտոբուս վառելու» թեմաները, որոնք, ըստ նրա, պաշտոնյաների ելույթներում շահարկվել են առանց կապի գործի իրական բովանդակության հետ։
Սրբազանը հավելել է նաև, որ մեղադրողներին օրեր առաջ շնորհվել են կոչումներ և մեդալներ․ «Դուք կարող եք մեզ շնորհակալություն հայտնել»։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կալանավորվել է։
Ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման մեղադրանքով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար Լիդիա Մանթաշյանը, Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ինչպես նաև մի շարք այլ անձինք։ Հետագայում նրանցից մի մասի խափանման միջոցը փոխվել է։






