Հոկտեմբերի 2-ին, Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան քննարկել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։
Կողմերն ընդգծել են համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանում կայունության և տնտեսության զարգացման ուղղություններով։
Փաշինյանն արժևորել է Եվրոպական խորհրդարանի հետևողական ուշադրությունն ու աջակցությունը Հայաստանի հանդեպ՝ շեշտելով ԵՄ-ի հետ համագործակցային կապերի խորացման և գործընկերային օրակարգի կարևորությունը։
Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը՝ շարունակաբար օժանդակելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինստիտուցիոնալ ներուժի զարգացման և խաղաղության օրակարգի առաջմղման հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել նաև տարածաշրջանային իրադրության, Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և «TRIPP» նախագծի շուրջ։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։






