Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Ժակով Միլատովիչի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև փոխգործակցության զարգացման տարբեր հնարավորություններ։
Երկուստեք հեռանկարային է գնահատվել հատկապես առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Կողմերը համաձայնության են եկել շարունակել հետևողական աշխատանքը այս ուղղություններով։
Չեռնոգորիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։
Զրուցակիցները նաև պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը՝ բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:






