Կոպենհագենում կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։
Փաշինյանը հանդիպումից նաև տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Ջերմ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,–գրել է նա։
Կոպենհագենում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Վարչապետ Փաշինյանը նույն օրը մասնակցություն է ցուցաբերել գագաթնաժողովին, որի շրջանակում ծրագրված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։






