Երեք տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել։ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Գուսան Շերամ փողոցին զուգահեռ հատվածում ընդհատվում է․ ասֆալտապատ ճանապարհին փոխարինելու են գալիս աղբակույտերը։ Արբանյակային լուսանկարից պարզ է դառնում, որ չկառուցված հատվածի երկարությունն ավելի քան 100 մետր է։ Այնտեղ օրվա գրեթե բոլոր ժամերին խցանումներ են, իսկ կամրջի հատվածում վարորդները ստիպված են գրունտային ճանապարհով երթևեկել։
Վարորդները տարակուսած են՝ ինչո՞ւ արդեն մի քանի տարի ճանապարհի շինարարությունն ավարտին չի հասնում։ Իրավիճակն ավելի է բարդանում բազմաթիվ բեռնատարների երթևեկելու պայմաններում, հայտնում է Factor.am-ը։
Ճանապարհի շինարարությունն անավարտ է մնացել, քանի որ պետությանը չի հաջողվել պայմանավորվածության հասնել այդ տարածքի սեփականատիրոջ հետ։
Շերամի փողոց 34/1 հասցեում գտնվող 503 քառակուսի մետր հողատարածքը, որն անհրաժեշտ է մայրուղու շարունակման համար, դեռ 2018 թվականին ճանաչվել է գերակա շահ և ՀՀ-ին օտարվել 46 միլիոն դրամով։ Սակայն տարածքի սեփականատեր Արշակ Արշակյանը 2022 թվականին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը և անվավեր ճանաչել պետության անվամբ գրանցված իրավունքը։
Նա նաև միջնորդել է արգելել հողատարածքի հետ կապված ցանկացած գործողություն մինչև դատական գործընթացի ավարտը՝ ներառյալ քանդման, շինարարական աշխատանքների իրականացում, վտարում, օտարում, գրավադրում և վաճառք։ Դատարանն այս միջնորդությունը բավարարել է։
Factor TV-ի հետ զրույցում Արշակ Արշակյանն հայտնել է, որ հաշտության եզրեր արդեն նկատվում են։ Հարցին, թե արդյոք անհամաձայնության պատճառը եղել է պետության կողմից առաջարկված գումարը, Արշակյանը պատասխանել է, որ պահանջել են հողատարածքի մակերեսին համարժեք գին, սակայն հրաժարվել է հրապարակել այդ թիվը։
Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը ներգրավված են դատական գործընթացում որպես երրորդ կողմեր։ Քաղաքապետարանը ներկայացրել է մի քանի միջնորդություն՝ հայցի ապահովման միջոցը հանելու և շինարարական աշխատանքները վերսկսելու նպատակով։
Այս շաբաթ գործով կայացած հերթական դատական նիստը հետաձգվել է՝ լրացուցիչ ապացույցների ներկայացման և հնարավոր հաշտության համաձայնության քննարկման համար։
Հոկտեմբերի 1–ին դատարանը մերժել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որով առաջարկվում էր հանել հողատարածքի նկատմամբ գործողությունների արգելքը։
Մինչև կողմերը գան համաձայնության կամ դատարանն ավարտին հասցնի գործի քննությունը, մայրուղու Երևանով անցնող ռազմավարական հատվածը շարունակում է մնալ կիսատ։






