AM
3 Հոկտեմբեր 2025 - 07:26 AMT

Գրիգորյան․ ՀՀ–ն խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է եղել Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ խաղաղություն ու բարեկեցություն մաղթելով գերմանական ժողովրդին։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության շարունակական առաջընթացը՝ տարբեր ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Նա հավելել է, որ Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

«Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակի ընդլայնվել Հայաստանի և Գերմանիայի միջև համակողմանի փոխգործակցությունը՝ ուղղված երկու ժողովուրդների բարեկամության և բարօրության ամրապնդմանը: «Հայաստանն ու Գերմանիան կապված են ոչ միայն միջպետական ամուր կապերով, այլև հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հանդեպ ընդհանուր հանձնառությամբ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են վստահության և փոխադարձ հարգանքի վրա»,- նշել է փոխվարչապետ:

Փոխվարչապետը դրականորեն է արձագանքել նաև Գերմանիայի հետևողական աջակցությանը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության խորացմանը, կայուն զարգացման խթանմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում նա կարևորել է Գերմանական միջազգային համագործակցության գործակալության և Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք ծառայում են Հայաստանի կառավարության առաջնահերթ ոլորտների զարգացմանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։