Երևանում անցկացվում է ԱՊՀ Կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը՝ ներկայացված մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներով։
Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության ղեկավարը և Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը, հայտնում է Արմենպրեսը։
Միջոցառմանը ներկա են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության ղեկավար, ինչպես նաև Կոռուպցիայի հակազդման խորհրդի ներկայիս նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը, ԱՊՀ ֆինանսական հետախուզության մարմինների խորհրդի ներկայացուցիչ Յուլիա Դենիսովան և այլք։
Աննա Վարդապետյանը ողջունել է խորհրդի նիստի մասնակից պատվիրակություններին Երևանում, շնորհակալություն հայտնելով նրանց՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հրավերն ընդունելու համար։ Նա ընդգծել է, որ 7-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի մայրաքաղաքը կրկին հյուրընկալում է խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր խոսքում ողջունել է մասնակիցներին և նշել, որ խորհրդի ձևավորման պահից ի վեր դրա անդամներին հաջողվել է ստեղծել փոխվստահության վրա հիմնված կայուն երկխոսություն։
Նա շեշտել է, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ-ի կարևորագույն ոլորտային կառույցներից մեկը, որը առանցքային դերակատարություն ունի իրավակարգի ամրապնդման, անդամ պետությունների միջև համագործակցության խորացման, համատեղ գործողությունների համակարգման և հիմնական ուղղությունների ձևավորման գործընթացում։
«Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները», – նշել է փոխվարչապետը։
ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ձևավորվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ վեց անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա։ Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է պետությունների ղեկավարների խորհրդին։






