AM
3 Հոկտեմբեր 2025 - 08:24 AMT

Քաղաքագետ․ ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը, Ադրբեջանի բյուջեի ավելացման և Թրամփի խոսքերի ֆոնին, մտահոգիչ է

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանըֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է:

«Ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար»,–գրել է նա։

Սարգսյանը հավելել է, որ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, «երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում»։

Նա ընդգծել է, որ համաշխարհային մակարդակով ձևավորվում է նոր ռազմական տրամաբանություն, որի արտահայտությունն է նաև ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության փոփոխությունը։

«Օրինակ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու:

Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է:

Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման»,-գրել է նա։

Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2026–ին կազմելու է 563.1 միլիարդ դրամ։ 2026-ի պետական բյուջեի նախագիծը հաստատվել է սեպտեմբերի 25-ին կայացած կառավարության նիստում։ 2025-ին պաշտպանության ոլորտի բյուջեն եղել է 664.6 միլիարդ դրամ, այսինքն՝ հաջորդ տարվա համար նախատեսվում է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում:

Ի հակադրություն՝ Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական ծախսերը։ Բաքուն 2026 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացնի 5 միլիարդ 120 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 90 միլիոն դոլարով գերազանցում է 2025 թվականի բյուջեն։