AM
3 Հոկտեմբեր 2025 - 08:26 AMT

ՀՀ և ԱՄԷ ՆԳՆ-ները կշարունակեն գործակցել մի շարք ոլորտներում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն և հետևել ծառայության ընթացքին։

Այցի ընթացքում կենտրոնի ղեկավարությունը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործառույթները՝ նշելով, որ կենտրոնի աշխատանքը հիմնված է նախարարության 2023-2026 թվականների ռազմավարական ծրագրերի վրա։

Արփինե Սարգսյանն իր հերթին անդրադարձել է ՀՀ ՆԳՆ մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Շտապօգնության միասնական զանգերի կենտրոնի ստեղծման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։

Քննարկվել են տարբեր ծառայությունների ոլորտում ստացվող զանգերի մշակման մեխանիզմները, դրանց փոխանցման ու կառավարման եղանակները։ Ընդգծվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության գործնական կիրառման կարևորությունը հանցագործությունների կանխման, աղետների ռիսկի կառավարման, բնակչության նախազգուշացման և պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում։

Պատվիրակությանը ներկայացվել են արտակարգ իրավիճակներում գործող ծառայողների վերապատրաստման գործընթացները, ինչպես նաև կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը։

Կողմերը համաձայնության են եկել համագործակցությունը շարունակելու և փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցելություններ կազմակերպելու շուրջ։

Նույն օրը Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ ՆԳՆ փոխադրամիջոցների և վարորդների լիցենզավորման ստորաբաժանման ղեկավարության հետ։ Մասնակիցները ներկայացրել են վարորդական վկայականի տրամադրման քննական ընթացակարգերը։ Քննարկման շրջանակում անդրադարձ է եղել գործընթացներում մասնավոր հատվածի ներգրավմանը, լիցենզավորման պահանջներին և քաղաքացիների սպասարկման որակին։