«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ այս պայմաններում, երբ որ ամենակարևոր հարցերի շուրջ չկա համաձայնություն, հապշտապ գնալ ու նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, ու դա ներկայացնել որպես խաղաղություն, «կներեք էլի, մառազմ է»։
«Միջանցք բառը ոչ միայն Ալիևի բերանից է թռել, նաև Թրամփի։ Կողքը նստած էր, բա թող ասեր՝ ինչ միջանցք»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա անդրադարձել է նաև նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ազգային ժողովի հայտարարության նախագծին, որն առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը միակ նպատակն ուներ՝ ցույց տալ, թե Փաշինյանի հայտարարությունները միջազգային հարթակներում իրական դժգոհություն չեն։
«Կարդացած կլինեք «Տերն ու ծառան», ասում է՝ չէ, աղա ջան, չեմ ջղայանում։ Հիմա՝ հանկարծ Ալիևը չմտածի, որ մեղմօրոր բողոքը, պոռթկումը ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասել՝ դե լավ, հերիք եղավ»,–ասել է նա։
Վարչապետի՝ ներկուսակցական ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով՝ Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ իր խոսքով դա որևէ աղերս չունի իրականության հետ՝ մատնանշելով ՔՊ վերջին համագումարում ցուցադրված վարքագիծը։
«Շատերս ենք տեսել, թե ինչ եղավ ՔՊ համագումարի ժամանակ՝ Ստալինի, Բրեժնևի,.. ոճով ծափահարություններ։ Հիմա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Ակնհայտ է, որ ուղղված է լինելու Հայաստանում կուսակցությունները վերահսկելուն և ՀՅԴ փակելուն»,–ասել է պատգամավորը։






