AM
3 Հոկտեմբեր 2025 - 11:06 AMT

ՔՊ-ականի կոչն ադրբեջանցի գործընկերներին՝ խոսույթը համապատասխանեցնել փաստաթղթերին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախորդ օրվա հանդիպումից հետո երկու կողմերը միևնույն հաղորդագրությունն են հրապարակել այն մասին, որ ՀՀ սուվերեն տարածքով անցնող ճանապարհը կոչվում է TRIPP, հայտնում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ կոչ են անում ադրբեջանցի գործընկերներին՝ խոսույթը համապատասխանեցնել փաստաթղթերին։

«ՀՀ-ն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, Ադրբեջանն էլ որոշում է իր սուվերեն տարածքում գտնվող ճանապարհների, քաղաքների, գյուղերի տեղանունները։

Երկու ղեկավարների խոսույթները պետք է հստակ արտացոլեն այն պայմանավորվածությունները…խնդրում ենք և հորդորում ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին, հատկապես ադրբեջանցի գործընկերներին, որպեսզի ելնեն բացառապես ստորագրված փաստաթղթերում տեղ գտած խոսույթից և տերմիններից, մնացածը լեգիտիմ չէ և չի արտահայտում պայմանավորվածությունները, և այո, մտահոգիչ է», -ասել է պատգամավորը։

Հովհաննիսյանը նաև անդրադարձել է Ազգային ժողովում հոկտեմբերի 2–ին ընդունված հայտարարությանը, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Նա շեշտել է, որ խորհրդարանը կարևորել է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ ԱԺ-ն իր աջակցությունն է հայտնել այդ փաստաթղթերով ամրագրված պայմանավորվածություններին ու դրանց իրականացումներին։

Բացի այդ, ՔՊ խմբակցության ղեկավարը քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ խաղաղության վերաբերյալ հայտարարության քվեարկությունը բոյկոտելու համար։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։