AM
3 Հոկտեմբեր 2025 - 11:51 AMT

Հնդկաստանի 4 քաղաքացի է վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց․ Քրվարույթ է հարուցվել

Հոկտեմբերի 3-ին, մոտավորապես գիշերվա 03:00-ին, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 4 քաղաքացի։ Այս տեղեկությունը հայտնել են հիվանդանոցի Հանրային կապերի բաժնից, հայտնում է Factor.am-ը։

Ըստ հաղորդման՝ նրանցից 3–ը ստացել է որովայնի հատվածի վնասվածքներ, իսկ մյուսը՝ կրծքավանդակի։

«Նրանք վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն, այժմ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում»,- տեղեկացրել են հիվանդանոցից։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Վարույթը նախաձեռնվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ և խուլիգանության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»,- ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։