Հոկտեմբերը ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Այն ներկայացվում է որպես միջազգային առողջապահական արշավ՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկությունը, խթանել վարքային փոփոխություններ վաղ հայտնաբերման համար, ինչպես նաև խրախուսել սկրինինգը՝ հիվանդության ռիսկի նվազեցման ուղղությամբ, բարելավել բուժօգնության մատչելիությունը և արժևորել հիվանդության փորձ ունեցող մարդկանց։
Այս տարվա «վարդագույն» հոկտեմբերի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր պատմություն եզակի է, յուրաքանչյուր անցած ճանապարհ՝ կարևոր», հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնը։
Ըստ կենտրոնի, սա հիշեցում է, որ յուրաքանչյուր ախտորոշում թաքցնում է անհատական պատմություն՝ լի պայքարով, հույսով ու համառությամբ։ Այն նաև ընդգծում է, որ հիվանդությունը կարող է տարբեր ձևերով անդրադառնալ կանանց կյանքի վրա՝ անկախ նրանց աշխարհագրական դիրքից, եկամտից կամ սոցիալական դիրքից, և յուրաքանչյուր պայքար արժանի է ուշադրության ու աջակցության։
ԱՀԿ-ի տվյալներով՝ 2022 թվականին մոտ 2.3 միլիոն կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, և գրանցվել է մոտ 670,000 մահ։ Դեպքերի մոտ կեսը արձանագրվել է այն կանանց շրջանում, ովքեր բացի սեռից ու տարիքից, չեն ունեցել այլ հատուկ ռիսկային գործոններ։ Այս տեսակի քաղցկեղը լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում և 2022 թվականին հանդիսացել է ամենատարածված չարորակ նորագոյացությունը կանանց շրջանում՝ 185 երկրներից 157-ում։
Հետաքրքրական է, որ այս տեսակի քաղցկեղը կարող է հանդիպել նաև տղամարդկանց մոտ՝ թեև շատ հազվադեպ. դեպքերի մոտավորապես 0.5–1%-ը արձանագրվում է տղամարդկանց շրջանում։
Վաղ հայտնաբերման, ժամանակին ախտորոշման և արդյունավետ բուժման միջոցառումները կարող են զգալիորեն նվազեցնել հիվանդության ծանրությունը և նպաստել վերականգնման ու բարեկեցիկ կյանքի հնարավորություններին։ Սակայն գլոբալ գնահատականները վկայում են այս բնագավառում առկա լուրջ անհավասարությունների մասին՝ կախված երկրների մարդկային զարգացման ցուցանիշից։ Բարձր HDI ունեցող երկրներում, օրինակ, յուրաքանչյուր 12 կնոջից մեկի մոտ կյանքի ընթացքում ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, սակայն միայն 71-ից մեկը մահանում է դրանից, մինչդեռ ցածր HDI ունեցող երկրներում 27-ից մեկին է ախտորոշվում, սակայն մահացությունը՝ 48-ից մեկի։
Ապրելիության ցուցանիշներում ևս մեծ տարբերություններ են արձանագրվում. բարձր եկամուտ ունեցող երկրներում 5-ամյա ապրելիությունը գերազանցում է 90%-ը, մինչդեռ Հնդկաստանում այդ ցուցանիշը կազմում է 66%, իսկ Հարավային Աֆրիկայում՝ ընդամենը 40%։ Այս անհավասարությունները պայմանավորված են վաղ ախտորոշման, ժամանակին միջամտությունների և արդյունավետ բուժման անհասանելիությամբ։ Եթե ներկայիս միտումը պահպանվի, կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը հիվանդության տարածվածությունն ու մահացությունը կաճեն 40%-ով, ինչն անհրաժեշտ է դարձնում անհապաղ և համակարգված գործողությունների իրականացումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մշակել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ ռազմավարություն, որը ներառում է 60–60–80 թիրախային մոտեցումը՝ հիմնված երեք հիմնական ուղղության վրա․
Առողջության խթանում և վաղ հայտնաբերում – նպատակը՝ կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 60%-ը հայտնաբերվի առաջին կամ երկրորդ փուլում, հնարավոր դարձնելով բուժման արդյունավետությունը։
Ժամանակին ախտորոշում – ապահովել, որ ախտորոշումը կատարվի առաջին դիմումից հետո 60 օրվա ընթացքում՝ թույլ տալով ժամանակին միջամտել հիվանդությանը։
Համապարփակ բուժում – ապահովել, որ պացիենտների 80%-ը կարողանա ավարտին հասցնել իրենց բուժման ծրագիրը՝ անկախ սոցիալական, տնտեսական կամ աշխարհագրական պայմաններից։
Հայաստանում 2023 թվականին կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց թիվը կազմել է 1511, իսկ տղամարդկանց՝ 41։ Կանանց շրջանում դեպքերի զգալի մասը բաժին է ընկել 60–64 տարիքային խմբին (550 դեպք), ապա՝ 65 և բարձր տարիք ունեցողներին (299) և 45–54 տարեկաններին (271)։
Այս ցուցանիշը տարեցտարի աճ է արձանագրում. եթե 2010-ին դեպքերի թիվը կազմել է 982, ապա 2015-ին՝ 1093, 2020-ին՝ 1116, իսկ 2022-ին՝ 1423։ Այսինքն՝ 2010-ի համեմատ հիվանդացությունն աճել է մոտ 1.7 անգամ։ Նույն թվականին հիվանդությունից մահացել է 442 քաղաքացի, իսկ տարվա ավարտին կրծքագեղձի քաղցկեղով հաշվառված պացիենտների ընդհանուր թիվը կազմել է 14,632։
«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ համաձայն տարբեր գնահատականների չարորակ նորագոյացություննեի շուրջ 40%-ը կարելի է կանխարգելել և արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում:
Մասնակցեք սկրինինգային հետազոտություններին, տարին մեկ անգամ օգտվեք Առողջության առաջնային պահպանման անվճար կանխարգելիչ այցի Ձեր իրավունքից, իսկ գանգատների դեպքում անմիջապես դիմեք մասնագետի:
Հիշեք, որ քաղցկեղը ամենևին դատավճիռ չէ»,- նշում են «Հերացի» կենտրոնից։






