AM
3 Հոկտեմբեր 2025 - 12:16 AMT

Ջալալ Հարությունյանը դեռ չի ազատազրկվել, թեև դատավճիռը վաղուց օրինական ուժի մեջ է մտել

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դեռ չի ազատազրկվել, թեև դատավճիռը վաղուց օրինական ուժի մեջ է մտել, հայտնում է «Փաստինֆոն»։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գարիկ Աբելյանի, 2024 թվականի հունվարի 15-ին ճանաչել է Ջալալ Հարությունյանին մեղավոր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով, և նշանակել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Դատավճիռը վերաքննության փուլում մնացել է անփոփոխ. Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի և կազմով՝ Ռոբերտ Պապոյան, Լուսինե Աբգարյան, 2024 թվականի հունիսի 18-ին մերժել է բողոքը՝ թողնելով վճիռը ուժի մեջ։

Պաշտպանական կողմը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ներկայացնելով երկու բողոք։ Առաջինը վերադարձվել է թերությունների շտկման պահանջով, իսկ երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Արդյունքում, մեղադրական դատավճիռը սեպտեմբերի 26-ին ստացել է օրինական ուժ։

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ Ջալալ Հարությունյանը չի տեղափոխվել կալանավայր։ Այս գործընթացը շարունակում է ձգձգվել, թեև արդեն մոտենում է պատժի վաղեմության ժամկետի ավարտը։ Ներկայումս գործը Վճռաբեկ դատարանից նոր է ուղարկվել առաջին ատյանի դատարան, որից էլ պետք է անցնի կատարման փուլ։

Գործի շրջանակում Հարությունյանի դեմ երկու դրվագ էր քննել։ Առաջինը՝ վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ի հակահարձակմանը, որի մասով հետաքննությունը դադարեցվել է։ Երկրորդ դրվագով, որը վերաբերել է հոկտեմբերի 12-ին «Ցորի» զորամասի Դ20 հրետանային դիվիզիոնի վրա իրականացված հարձակմանը, նա մեղադրվել է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը, հանդիսանալով ՊԲ հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ, ռազմական դրության պայմաններում դրսևորել է անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունք՝ իր պաշտոնեական լիազորությունների իրականացման նկատմամբ։ Ըստ քրեական գործի՝ հարձակման պահին դիվիզիոնի հրամանատարությունը կապի է դուրս եկել Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ՝ զեկուցելով հակառակորդի մոտեցման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը հայտարարել է, թե մոտեցող ուժերը «յուրայիններ» են։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց շարունակում է գործել բացակայելու արգելքը։