Բացահայտվել է լայնածավալ հանցավոր սխեմա՝ օտարերկրացիները մաքսանենգությամբ Հայաստան են ներկրել խոշոր չափերի թմրամիջոցներ, իսկ դրանց իրացումից ստացված գումարների լվացման գործընթացին ներգրավվել են նաև ՀՀ քաղաքացիներ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գործի շրջանակում 22 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և նրանց վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց մասին Քննչական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություններով:
Քննությամբ պարզվել է, որ 2022-2025 թվականներին ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ի, նրա ամուսնու և ամուսնու հոր բանկային հաշվին տարբեր աղբյուրներից փոխանցվել է ընդհանուր 4 մլրդ 541 մլն 17 հազար 466 դրամ։ Այս գումարները նրանք փոխարկել են տարբեր բանկերում ու վարկային կազմակերպություններում՝ ստանալով մոտ 11 մլն 188 հազար 200 ԱՄՆ դոլար։
Այնուհետև խմբի անդամները գումարները բաժանել են միմյանց միջև և 2022-2025 թվականների ընթացքում գրեթե ամենօրյա հաճախականությամբ, որպես հետիոտն հատել են միջպետական սահմանը՝ գումարները փոխանցելով թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց։ Այս մեթոդով նրանք թաքցրել են հանցավոր ծագումն ու կանխել օրինական հայտարարագրումը։
Հ.Գ.-ի, Գ.Ա.-ի և Ա.Ա.-ի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։
Քննության ընթացքում արգելանք է դրվել նրանց հաշվեհամարների, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի վրա։ Ներկայումս երեք անձանց վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։






