AM
3 Հոկտեմբեր 2025 - 13:44 AMT

Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով։ Իսկ սեպտեմբերի 29-ին՝ լրացուցիչ դատալսման ժամանակ, դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։

Դատավորն այնքան էր շտապում, որ հոդվածի սխալ համար է հրապարակել՝ ՀՀ ՔՕ 442 հոդվածի 2–րդ մասով, որով պատիժ է նախատեսվում «ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնյայի ապօրինի մասնակցության համար», այնինչ՝ արքեպիսկոպոսը մեղադրվում էր 422 հոդվածով, այն է՝ «Իշխանությունը զավթելու հրապարակյին կոչեր»։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։