AM
3 Հոկտեմբեր 2025 - 14:08 AMT

Ավագանու խմբակցություն․ Վարչապետը պետք է գիտակցի՝ ինքը գյումրեցիների կողմից մերժված ուժի առաջնորդն է

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Գյումրու ավագանու խմբակցությունը տարածել է հայտարարություն՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրած խոսքերը։

«2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ:

Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ:

Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով:

Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:

ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և չէին կարող վիճարկվել:

«Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից:

Հանգի՛ստ թողեք Գյումրին, զբաղվեք ձեր աշխատանքով և ընդունեք իրականությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել էր, թե «պետք է դուրս շպրտվի» արատահայտությանը չի պատասխանի, միայն կասի՝ «տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։

Հոկտեմբերի 1–ին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանը հայտարարել է. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։