ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։
Նա կոչ է արել ԵԽԽՎ պատգամավորներին «չթողնել հայ գերիներին բռնապետի հետ մեն-մենակ», հայտնում է Sputnik Արմենիան։
«Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին։ Դուք կարող եք ասել, թե բա մեծ քաղաքականություն է, հակամարտություն, միջազգային պայմանագրեր և այլն, և այլն, բայց դա այդպես չէ․ սա մարդկանց կյանքեր են, մարդկային ողբերգություններ։ Առկա են տեղեկություններ պատանդների ինքնասպանության փորձերի և հացադուլների մասին։ Դա մեծագույն ամոթ է, բայց մենք նույնիսկ չգիտենք անգամ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր եղբայրների ճշգրիտ թիվը։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք այլևս ողջ չեն»,–ասել է Մամիջանյանը։
Նա դիմել է ԵԽԽՎ նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին և անդամ երկրների պատվիրակություններին՝ կոչ անելով իրենց դեսպաններին ուղարկել Բաքու, որպեսզի նրանք այցելեն գերիներին։ Մամիջանյանը շեշտել է, որ այս քայլը կվկայի, թե Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրության սկզբունքներին։
Քննչական կոմիտեի վերջին պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանը հաստատել է 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականին։ Նրանց թվում են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։
Միաժամանակ հայկական կողմը փաստերով ունի 44-օրյա պատերազմից հետո 32 անհետացած անձանց մասին տեղեկություն, որը Բաքուն հերքում է։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի գնահատմամբ՝ այդ թիվը իրականում հասնում է 80-ի։






