AM
3 Հոկտեմբեր 2025 - 14:43 AMT

Վարդանյան․ Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատել էր ընթացող գործընթացը։

«Արդեն իսկ դատարանն իր կողմնակալությունը ցույց է տվել վերդիկտի միջոցով, երբ բոլորովին քրեաիրավական հիմք չունեցող գործով Միքայել Սրբազանին ճանաչեց մեղավոր։ Դատում են ոչ թե Միքայել սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել էր, որ այս իրավիճակում դատարանից որևէ դրական արդյունք ակնկալելը պարզապես միամտություն է։

«Այն փաստական հիմքերը, որոնք դրվել են այս գործի հիմքում, դրանք ամենևին չեն ապացուցում այն հանցանքը, որ վերագրվել է Միքայել Սրբազանին։ Եթե այսօր պատիժ նշանակեն ու լինի ազատազրկման ձևով, ինչը միջնորդել է դատախազությունը, բոլորս պետք է ընդունենք, որ դատում են ոչ թե Միքայել Սրբազանին, այլ մեր խիղճն ու հավատը։ Հակառակ պարագայում այսպիսի շինծու, կարած գործով մարդուն տանել ու միջնորդել ազատազրկում՝ նշանակում է զուտ քաղաքական պատվեր կատարել»,- ընդգծել է պատգամավորը։

Վարդանյանը հավելել է, որ ներկայիս դատավորների մեծ մասը գործադրում է իշխանության կամքը՝ ընդունելով նրանց համար ցանկալի վճիռներ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատարանը արդեն իսկ մեղավոր է ճանաչել նրան ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում, որը վերաբերում է իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղված հրապարակային կոչերին։

Հանրային մեղադրողը պահանջել էր նշանակել 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատավճիռը կհրապարակվի առաջիկայում։